ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով:
Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման և էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը:
Համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը,բարձրորակ ծառայության ապահովմանը և ուղևորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը:Հայաստանի հետ փաստաթուղթը Ընդհանուր ավիացիոն տարածության մասին (Common Aviation Area Agreement) համաձայնագրի ձև կունենա, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոնց հետ ԵՄ-ն սերտ հարաբերություններ է կառուցում հարևանության իր քաղաքականության միջոցով: